Իմ ընթերցողներից, հավանաբար, շատերին է բախտ վիճակվել ճամփորդել
աշխարհի խոշորագույն երկրներով և դրանց մեգապոլիսներով: Շատ-շատերը, երբ ընտրում են
որևէ մի երկիր ճամփորդելու և բացահայտելու համար, սովորաբար այցելում են այդ երկրների
գողտրիկ անկյունները, պատմամշակութային հուշարձաններն ու կառույցները, թանգարանները
կամ էլ պարզապես թափառում են գեղեցիկ և նորաոճ շինություններով հարուստ փողոցներով
ու հրապարակներով: Եվ ձեզանից շատ քչերն են այցելում այնպիսի վայրեր, որոնք հնարավորություն
են ընձեռում բացահայտել մարդկության նորագույն նվաճումներն ու դրանք մոտիկից տեսնել,
մինչև անգամ օգտվել: Սա ես ասում եմ ոչ այն պատճառով, որ Ձեզ նման վայրերը կարող են
չհետաքրքրել կամ Դուք չուզենաք տեսնել, այլ զուտ այն պատճառով, որ ճամփորդելիս հաճախ
Ձեր ժամանակը շատ կարճ է լինում և այն բավարարում է միայն վերոնշյալ վայրերը այցելելու
համար: Բացի այդ, շատ-շատերը պետք է լավ տեղեկացված լինեն ու ունենան առանձնահատուկ
հետաքրքրություն այցելելու այնպիսի վայրեր,
որոնցից մեկի մասին այժմ պետք է պատմեմ:
Իմ նախորդ հոդվածներից մեկում, ես արդեն նշել եմ այս վայրի մասին:
«Yodobashi»-ն նորագույն տեխնիկայի և տեխնոլոգիաների Ճապոնիայի
խոշորագույն հիպերմարկետների ցանց է: Ցանցի խոշորագույն հիպերմարկետը գտնվում է մայրաքաղաք
Տոկիոյում: Մյուսը իր մեծությամբ շատ չզիջող մասնաճյուղը՝ «Yodobashi Umeda»-ն գտնվում է Օսակա քաղաքում:
Բազմահարկ հիպերմարկետ, որտեղ, եթե անգամ մոլորվեք, հաստատ չեք ձանձրանա: