17.08.2016

Yodobashi- եթե ուզում եք զգալ տեխնիկայի ուժը


   Իմ ընթերցողներից, հավանաբար, շատերին է բախտ վիճակվել ճամփորդել աշխարհի խոշորագույն երկրներով և դրանց մեգապոլիսներով: Շատ-շատերը, երբ ընտրում են որևէ մի երկիր ճամփորդելու և բացահայտելու համար, սովորաբար այցելում են այդ երկրների գողտրիկ անկյունները, պատմամշակութային հուշարձաններն ու կառույցները, թանգարանները կամ էլ պարզապես թափառում են գեղեցիկ և նորաոճ շինություններով հարուստ փողոցներով ու հրապարակներով: Եվ ձեզանից շատ քչերն են այցելում այնպիսի վայրեր, որոնք հնարավորություն են ընձեռում բացահայտել մարդկության նորագույն նվաճումներն ու դրանք մոտիկից տեսնել, մինչև անգամ օգտվել: Սա ես ասում եմ ոչ այն պատճառով, որ Ձեզ նման վայրերը կարող են չհետաքրքրել կամ Դուք չուզենաք տեսնել, այլ զուտ այն պատճառով, որ ճամփորդելիս հաճախ Ձեր ժամանակը շատ կարճ է լինում և այն բավարարում է միայն վերոնշյալ վայրերը այցելելու համար: Բացի այդ, շատ-շատերը պետք է լավ տեղեկացված լինեն ու ունենան առանձնահատուկ հետաքրքրություն այցելելու այնպիսի  վայրեր, որոնցից մեկի մասին այժմ պետք է պատմեմ:


Իմ նախորդ հոդվածներից մեկում, ես արդեն նշել եմ այս վայրի մասին:
«Yodobashi»-ն նորագույն տեխնիկայի և տեխնոլոգիաների Ճապոնիայի խոշորագույն հիպերմարկետների ցանց է: Ցանցի խոշորագույն հիպերմարկետը գտնվում է մայրաքաղաք Տոկիոյում: Մյուսը իր մեծությամբ շատ չզիջող մասնաճյուղը՝ «Yodobashi Umeda»-ն գտնվում է Օսակա քաղաքում: Բազմահարկ հիպերմարկետ, որտեղ, եթե անգամ մոլորվեք, հաստատ չեք ձանձրանա:











«Yodobashi Umeda»-ում առկա են տեխնիկայի աշխարհի խոշորագույն բրենդների տեսականիները՝ մատչելի ապրանքատեսականուց մինչև ամենաթանկ մոդելները:















  Մի քանի հարյուր դոլարից մինչև մի քանի հազար դոլար արժողության հասնող տեսախցիկներ և դրանք օբյեկտիվներ, ժամացույցներ, համակարգիչներ, կենցաղային տեխնիկա և պարզապես Ձեր խնդիրների լուծումներ:










  Այստեղ Դուք ոչ միայն կարող եք տեսնել տարբեր տեսակի տեխնիկա և տեխնոլոգիական նվաճումներ, այլև կարող եք փորձարկել, օգտվել, շահագործել, էլ չեմ ասում մանրամասն խորհրդատվության մասին, որը պատրաստ է իրականացնել համապատասխան սպասարկող անձնակազմը:












   Դեռ չեք կողմնորոշվել՝



 Թվում է, եթե վաճառվում է տեխնիկա, ուրեմն պետք է տեսնել զուտ տեխնիկական սարքավորումներ: Բայց, արի ու տես, իսկական առևտուր կազմակերպելիս և մարքեթինգ իրականացնելիս հարկ է ամեն մանրուքի մասին մտածել: Այս սկզբունքով էլ տեխնիկայի հիպերմարկետը հագեցած է նաև օժանդակ և լրացնող այնպիսի ապրանքատեսակներով և ծառայություններով, որոնք հավանաբար Դուք այլ խանութից կարիք չեք ունեցել գնել, իսկ այստեղ տեսնելով դրա օգտակար և լրացնող հատկությունները, գնումը շատ հեշտ իրականացնում եք: Այս ամենը ճիշտ կազմակերպելու շնորհիվ է, որը նման բիզնեսները հաջողված են, առևտուրն էլ եռում է:




  Կենցաղային տեխնիկայի նորագույն մոդելներ, կատարելագորված և լայն տեսականի, գնային ճկուն քաղաքականություն՝ տվյալ պահի զեղչեր, նվերներ:





















   Ամեն անգամ նման երևույթների ականատես լինելով՝ մտովի մի քանի տարի հետ եմ նայում, զգում եմ, թե ինչ արագությամբ կարող է մարդկային միտքը զարգանալ, արարել նորը, կատարելագործվածը, և որքան կարևոր է նման ոլորտում կատարված ներդրումը:
Ապրանքատեսականու մասին շատ չեմ ուզում խոսել, ցանկանում եմ, որ Դու՛ք, իմ հարգելի՛ ընթերցող, տեսնեք և ծանոթանաք նկարների և տեսահոլովակների շնորհիվ: 












  Կարևոր հանգամանքներից ևս նշեմ մի բան, թե որքան պարտադիր է նմանատիպ ապրանքների վաճառք իրականացնելիս, ճիշտ կազմակերպել ապրանքի հետ ծանոթացումը՝ մինչ գնման գործընթացը (անգամ , եթե դա այդ պահին չի կատարվում):
Օրինակ, մերսող այս բազկաթոռների սրահում, ես 20 րոպեից ավելի դիտարկում կատարեցի: Մարդիկ կարծես եկել էին հատուկ այս բազկաթոռներից օգտվելու և հանգստանալու համար, նրանցից շատերը 20 րոպե և ավել ուղղակի նստել և օգտվում էին, սպասարկող անձը նույնիսկ մեկ անգամ չզգուշացրեց նրանց վեր կենալու կամ փորձարկելը դադարեցնելու մասին, այլ հակառակը նա անընդհատ մոտենում էր, տարբեր ֆունկցիոնալ հնարավորություններ ցույց տալիս, օգնում էր համապատասխան ռեժիմները միացնելու հարցում: Մի պահ, ինձ թվաց, թե ես ոչ թե տեխնիկայի խանութում եմ, այլ հանգստի սպա սրահում:





   Իմ հայկական մտածելակերպը ինձ չդավաճանեց, և ես սկսեցի մտածել, որ հնարավոր է այս մարդիկ ուղղակի եկել են շահագործելու, օգտվելու, իրենց լավ զգալու համար  և հավանաբար ամենևին էլ մտադիր չեն գնում իրականացնել, նույնիսկ ապագայում: Սակայն շտապում եմ իմ ընթերցողին տեղեկացնել, որ այսօր, եթե բիզնես եք ստեղծում և իրականացնում, հարկ է նախատեսել այն կարևոր փաստը,  որ Ձեր հավանական ապագա սպառողը կամ էլ չսպառողը կարող է անվերջ անվճար փորձարկել և օգտվել Ձեր ապրանքից: Այս հանգմանքը այսօր դարձել է  հաջող բիզնես ունենալու գրավականը: Բացատրեմ ինչու:  Սպառողը ուղղակիորեն սկսում է կախվածություն ունենալ Ձեր ապրանքից, և դրանով ամեն ինչ ասված է: Ձեզնից ինչ որ մեկը կարող է խոսել պահանջարկի տեսակներից, այդ թվում գնողունակ պահանջարկից կամ այսպես ասած մարդկանց գնողունակությունից, այսինքն, եթե մարդու գրպանում դրամ չկա, որքան էլ նա կախվածություն ունենա նա չի կարող գնում իրականացնել: Հարգելի՛ մարքեթոլոգներ, ներկայիս կամ ապագա բիզնես վարողնե՛ր, դա հնացած տեսություն է: Ցանկացած գնորդ, ցանկացած ապրանքի համար ի վերջո դառնում է գնողունակ, երբ նրա մոտ առաջանում է այն գնելու ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ:
  Ի՞նչ  կասեք այս փոշեկուլների մասին: Իհարկե, այսօր շատ տնային տնտեսուհիներ նույնիսկ հասարակ փոշեկուլ առնելու նյութական հնարավորություն չեն ունենում, սակայն նրանց ինչն  է խանգարում  մի քանի րոպե երազելու, որ ինչ որ սարքավորում կարող է իր փոխարեն «քրտնաջան»  գործ կատարել: Երազելուն ոչինչ չի խանգարում, բայց մի՛ մոռացեք, որ կյանքում շատ նվաճումներ սկսվում են հենց երազանքից: 


    Իսկ իրականում՝



  Դուք չեք վաճառում ապրանք, Դուք վաճառում եք երազանքի իրականացում: Նման հայեցակարգերի վրա հիմնված բիզնեսներն էլ կյանքում ունենում են իրենց հաջողությունը:
  Նույնը կարելի է ասել այլ կենցաղային տեխնիկայի առումով՝ Դուք ունեք հեռուստացույց, սակայն մինչև չեք վայելում ու իրականում զգում  դրա կատարելագործված հնարավորությունները(ոչ թե հեռուստատեսային կամ ինտերնետ գովազդով), Ձեր մտքով չի էլ անցնում հինը նորով փոխարինելու ցանկությունը:







  Մի փոքր էլ էքսկուրսիա՝



  Ինձ համար, որպես մասնագետի, առանձահատուկ հետարքրքություն է առաջացնում նման վայրեր այցելելը, որպեսզի կրկին անգամ համոզվեմ՝ ապրանք վաճառելը ևս առանձնահատուկ արվեստ է: Այսօր սպառողը հեշտ չի հրաժարվում իր դրամից, Ձեր խնդիրն է նրան վստահեցնել, որ այդ գումարը նրան առավել մեծ օգտակարություն կարող է բերել, քան որ այն պահվի դրամապանակում կամ էլ քարտի վրա: Նման հիպերմարկետում ուղղակի զբոսնելիս, կարող ես այդ մտքին հանգել: Ու դա  պատահական չէ, այլ նախօրոք մտածած և կազմակերպած բիզնես:
  Որպես վերջաբան ասեմ, լինելով մարքեթոլոգ, տիրապետելով մարքեթինգային որոշակի խորամանկությունների և հնարքների, պետք է որ ինձ վրա չազդեն այդ մտքերը, սակայն խոստովանում եմ, որ ես նոր երազանքներով հեռացա այդ խանութից ու մեծ հավատով, որ ապագայում ես դրանք կիրականացնեմ:

Շարունակե՛ք բացահայտել բիզնես գաղտնիքներ՝ ճամփորդելով ինձ հետ:

Եթե նյութը հետաքրքրեց Ձեզ, կիսվեք Ձեր ընկերների հետ:




Комментариев нет:

Отправить комментарий