23.04.2016

Made in Armenia: Grand Candy

 Հավանաբար հաճախ շատերը լսում եմ մարքեթոլոգներից հետևյալ միտքը, որ ցանկացած բրենդ պետք է, որ մարդկանց մոտ որոշակի զգացողություններ, ընկալումներ առաջացնի, այսինքն, երբ խոսում եք որևէ բրենդի մասին, նշանակում է խոսում եք տվյալ բրենդի ապրանքների կամ ծառայությունների օգտակարության, որակական հատկանիշների և, ի վերջո, այն խնդիրների ու պահանջմունքների մասին, որոնք բավարարում է տվյալ բրենդը: Հաճախ մարդիկ սպառում են որոշակի ապրանքատեսակներ՝ ուղղակիորեն նախապատվություն տալով դրանց և նույնիսկ չեն փորձում իրենց համար բացահայտել, թե ինչու օգտվեցին հենց այդ ապրանքանիշից և թե ինչ նշանակություն ունի այդ բրենդը իրենց համար:

  Հիմա փորձեք մի քանի բառով նկարագրել, թե ինչ եք զգում և ընկալում, երբ ասում եք Grand Candy: 


  Թող իմ այս հարցադրումը չընկալվի, որպես մասնագիտական հետազոտության կամ ավելի լուրջ վերլուծության առիթ, քանի որ ես խոսելու եմ ուրախ  բաներից:

  Այո՛, քանի որ այլ կերպ չի էլ կարող լինել: Grand Candy-ն տոն է, քաղցր տրամադրություն, մանկան ժպիտ, մանկության համ ու հոտ, անփոխարինելի պոնչիկ, երեխային տված խոստում, որը շատ հեշտությամբ կարող ես իրականացնել, բարի փղիկ, ժամանցի առիթ և իհարկե վանիլի ու շոկոլադի աննկարագրելի բույր:





  Հավանաբար հենց այս զգացողությունները մարդկանց մոտ առաջացնելն էլ եղել է հիմնական մոտիվը, երբ 2000 թվականի սկզբին` Երևանի հրուշակեղենի գործարանի հիմքի վրա հիմնադրվել է ձեռնարկությունը:
Պատմական ակնարկ:
  Ձեռնարկության պատմությունը սկիզբ է առ 1933 թ-.ից, երբ Երևանի մակարոնի գործարանը պաշտոնապես սկսեց տարբեր արտադրատեսակների արտադրությունը: Մեկ տարի անց՝ 1934 թ.-ին, աշխատանքն սկսեց Երևանի hրուշակեղենի գործարանը: Հետագա 17 տարիների ընթացքում վերոնշյալ գործարաններն երկու անկախ արտադրություններ էին: 1951 թ. դրանք միավորվեցին, և ստեղծվեց Երևանի հրուշակեղենի  և մակարոնի գործարանը, որը Սովետական Միության՝ այդ ժամանակաշրջանի ամենամեծ գործարաններից մեկն էր: Կարճ ժամանակահատվածում կառուցվեցին նոր արտադրատարածքներ, ձեռք բերվեցին նոր հոսքագծեր` կարամելի, թխվածքաբլիթների, շոկոլադի արտադրության և կակաո հատիկավորի մշակման համար:
1990 թ. գործարանն ամբողջությամբ մատնվեց անգործության, քանի որ Սովետական Միության փլուզման հետևանքով Հայաստանի Հանրապետության տնտեսությունն  ամբողջութամբ քայքայվեց:



 1995թ.-ի մայիսին գործարանը սեփականաշնորհվեց և վերանվանվեց  "Հայհրուշակ" ԲԲԸ:  Հետագա 5 տարիների ընթացքում գործարանն աշխատում էր իր հնարավորությունների 3-4 տոկոսի չափով, և միայն 1999 թ. ավարտին, երբ փոխվեցին ձեռնարկության բաժնետերերը, գործարար Հրանտ Վարդանյանը "Հայհրուշակ" գործարանի հիմքի վրա հիմնադրեց "Գրանդ Քենդի"  հայ-կանադական համատեղ ընկերությունը, և սկսվեց գործարանի վերակառուցումը:



  Grand Candy-ի տեսականու մասին կարելի է շատ խոսել, քանի որ տեսականին ինքնին բավականին հարուստ է քաղցրեղենի և հրուշակեղենի ընտրված և համեղ տեսակներով:    Սակայն որոշ անուններ կուզենամ առանձնացնել:

   Հավանաբար հիմա շատերը ինձ հետ կհամաձայնեն, որ ավելի հաճելի և քաղցր հյուրասիրություն, քան ֆիրմայի անուշահամ չրերով շոկոլադե քացրեղենն է, փոխարինող ոչինչ չեն գտնի ամենալավ և ուրախ առիթներին իրենց հարազատներին հյուրասիրելու համար, այն էլ հայկական գինու կամ կոնյակի հետ: Իսկ ձեզանից քանիսն են, այս տեսականուց իր հետ տարել արտասահման՝ որևէ մեկին նվիրելու կամ ինչու ոչ զարմացնելու համար: Անկեղծ ասած ես մինչ այժմ չեմ տեսել օտարազգի մեկին, ով համտեսի այս հրաշք քաղցրեղենն ու չհավանի: Հավանում են հայկական մրգի անուշ համն ու բույրը, պրոդուկտի օրիգինալությունը: Այնպես, որ եթե պատրաստվում եք  մեկնել արտասահման կամ ուզում եք Ձեր օտարազգի ընկերոջը հաճելի անակնկալ անել նվիրեք այս տեսականուց:

  Մեր փոքրիկների շատ սիրելի թխվածքաբլիթները, որոնք ապահովում են նրանց առօրյայի քաղցր տրամադրությունը, իսկ զանազան կոնֆետներն ու խմորեղենը ուղղակի շատերի համար սուրճի կամ թեյի հաճելի սեղանի մոտ հավաքվելու առիթ են դառնում:


  Ֆիրմայի շոկոլադե տեսականին ներառում է 35 անուն շոկոլադե սալիկներ՝ պատրաստված բարձրորակ կակաո-հումքից և բնական զանազան հավելումներից: Այս բաժնում առանձին տեղ է զբաղեցնում կաթնային շոկոլադն իր նրբաճաշակ համով և բարձր սննդային արժեքով: Առանձնահատուկ է նաև 3 տարատեսակներից կազմված դառը շոկոլադե սալիկների տեսականին՝ 60%, 70% և 80% կակաո մթերքի պարունակությամբ:




 Grand Candy-ն հիմնադրման առաջին իսկ օրերից կարողացավ շահել մարդկանց համակրանքը, մեծերի մոտ արթնացնել մանկության հուշերի համը, իսկ փոքրիկների համար կերտել մանկություն ՝ մեծանալով նրանց հետ միասին: 




  Ավելացնեմ նաև այն պոնչիկային տրամադրությունը, որը պարգևում է միայն Grand Candy-ն: Երբևէ նկատել եք փոքրիկների ոգևորությունը, իրենց տաք պոնչիկներին սպասող անհամբեր դեմքերը, էլ չեմ խոսում երիտասարդների ու մեծահասակների մասին, ովքեր դեսերտային ընդմիջում անելու  և իրենց մանուկ զգալու համար, երբեք առիթը բաց չեն թողնում պոնչիկանոց այցելելու համար:


2000թ.-ից սկսվել է "Գրանդ Քենդի" ընկերության ֆիրմային խանութների ցանցի ստեղծումը, որոնցից առաջինը  "Պոնչիկանոցն" է: Այսօր  ՀՀ տարածքում գործում են 26 ֆիրմային խանութներ, որոնցից 18-ը, ներառյալ 7 խանութ-սրճարանները, տեղակայված են Երևանում:
"Գրանդ Քենդի"-ն տարբերվում է նաև մարդկային ռեսուրսների կառավարման ճիշտ քաղաքականությամբ, ինչի շնորհիվ ձևավորվել է համախմբված հմուտ աշխատակազմ:  "Գրանդ Քենդին" այսօր տեղական արտադրության ոլորտում հանրապետության ամենախոշոր գործատուն է և ունի 3200 աշխատակից:  "Գրանդ Քենդի"-ի ողջ անձնակազմըսեփականատիրոջից մինչև շարքային աշխատող, հավատարիմ է մեկ սկզբունքի ՝ "Մենք արտադրում ենք մեր երեխաների, մեր ընտանիքների, մեր ժողովրդի համար", և առարնորդվում է "Մեր որակը մեր հպարտությունն էկարգախոսով:

Հետաքրքիր է իմանալ.

"Գրանդ Քենդի" ընկերությունն արտադրում է 350 անուն տարբեր արտադրատեսակ:  "Գրանդ Քենդին" Հայաստանում հրուշակեղեն և, առհասարակ, սնունդ արտադրող ամենամեծ ընկերությունն է և միակ գործարանն է Անդրկովկասում, որը զբաղվում է կակաո հատիկավորի մշակմամբ:

2010թ. սեպտեմբերի 10-ին "Գրանդ Քենդի" ընկերությունը սահմանեց նոր համաշխարհային ռեկորդ` "Աշխարհի ամենամեծ շոկոլադե սալիկ" անվանակարգում, որը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում: Սա դարձավ Հայաստանի առաջին արդյունաբերական ռեկորդը:


Եթե հավանեցիք նյութը,  կիսվեք Ձեր ընկերների հետ:

Комментариев нет:

Отправить комментарий