28.04.2016

Made in Armenia: Maran Winery

  

 «Եվ յօթներորդ ամսում տապանը Արարատ սարի վերայ նստեց Եվ Նոյը սկսեց հողագործ դառնալ, և մի այգօ տնկեց»: Հետո պատրաստաեց գինի, այնքան լավը, որ չդիմացավ գայթակղությանը, «խմեց և արբեց»: Ահա առաջին տեղեկությունը հայոց խաղողի և գինու մասին, այնքան հին, որքան աշխարհն է: Իսկ հազարամյակներ անց բուսաբանական և պատմական գտածոները փաստեցին, որ խաղողը հայկական լեռնաշխարհներում հայտնի է եղել Նոյից միլիոնավոր տարիներ առաջ: Դրանք Նախիջևանի աղեհանքի քարե շերտերում և Վայոց ձորում՝ Եղեգիս գետի վերին հոսանքների լճա-կավային նստվածքներում հայտնաբերված խաղողի՝ 4-5 միլիոն տարեկան բրածո տերևի դրոշմներն էին, Տավուշի և Սյունիքի անտառներում այսօր հանդիպող այդ նույն վայրի խաղողի վազերը:

 «Մարան» ընկերությունը արտադրում է գինիներ թե խաղողից և թե պտուղներից: Խաղողինը պատրաստում է հիմնականում Վայոց ձորի Սև Արենի սորտից՝ անապակ, կիսաչոր, կիսաքաղցր և քաղցր տարբերակներով: Անապակը և քաղցրը վաճառքի են հանում տակառներում առնվազն մեկուկես տարի հնեցումից հետո: Որոշ դեպքերում դրանք լրացուցիչ պահվում են նաև շշերում և ստացվում է կոլեկցիոն գինի: Իսկ կիսաչոր և կիսաքաղցր գինիները գերազանցապես իրացնում են բերքահավաքի հաջորդ տարում:



Պտղայիններից արտադրում են նռան և ծիրանի գինիներ: Նուռը գնում են Արցախի Մարտակերտի շրջանից, իսկ ծիրանը Եղեգնաձորինն է:




Պատմական ակնարկ:

 «Մարանի» ակունքները գալիս են 1828-1830 թթ, երբ Պարսկաստանից Հայաստանի Վայոց ձորի գավառ վերագաղթեցին Խոյի իշխան Էյնաթի որդի Սարգիսը. Կնոջ՝ Մարանի հետ: 1860 թվին Սարգսի որդի Հարությունը հայրենի Արտաբույնքում տնկեց գյուղի ամենագեղեցիկ այգին և մոր պատվին անվանեց «Մարանի այգի»:
 Հետո այնգին անունը տվեց տոհմին, և ընտանիքը կոչվեց Մարանենց ազգ: Այգին գտնվում էր հենց այնտեղ, որտեղ 451 թվականին պարսիկների դեմ պայքարում նահատակվեցին Ավարայրի ճակատամարտի վերջին հայ զինվորները, և որտեղ հետո կառուցվեց մատուռ, ձեռագործվեցին խաչքարեր: Վայրն այժմ կոչվում է «խաչքարի տակ»:
 Հարությունի գործը շարունակեց որդին՝ Մարանենց Ավագը: Դժբախտ ճակատագիր ունեցավ Ավագը: Նա վիրավորվեց թուրքի գնդակից և նահատակվեց 1938 թվականին:
1931 թվին ծնվեց Ավագի կրտսեր որդին՝ Ֆրունզիկը: Նա իր բաժին խաղողի այգին հիմնել էր դեռ անցյալ տարի հիսունականներին՝ ծննդավայր Արտաբույնքում, գյուղից վերև, 1600 մետր բարձրության վրա:
 1991 թվականին հիմնադրվեց «Մարան»  սահմանափակ պատասխանատվության ընկերությունը: Նույն տարում Արենուց պատրաստվեց փորձնական քանակությամբ գինի, որն էլ սկսած 1993 թվից վաճառվեց Նորավանք անունով: 





Շնորհիվ յուրահատուկ ձևավորման և գինու կնքահայր Արտաշես Էմինի՝ այն իսկույն առանձնացավ նորանկախ Հայաստանի մութ ու ցուրտ շուկայում: Հետագա տարիներին ֆրանսիացի գործընկերների հետ համագործակցության շնորհիվ ծնվեցին մյուս գինիները՝ մեկը մյուսից լավ:



 2002 թվականից սկսեցին արտադրել նռան գինի՝ Մ. Փարաջանով անվամբ՝ ի պատիվ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի գինեգործ ու գինեվաճառ հորեղբոր Մակիչի:


 2007 թվականից վաճառքի են հանվել նաև ալոճի, ծիրանի և հոնի օղիները: Օղիների պատրաստման առանձանահատկությունները քաղել են Մատենադարանի ձեռագրերից: Ահա, թե ինչու են այդքան համեղ հայկական օղիներն ու գինիները:


2000-2001 թթ, Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում հիմնվեց «Մարանի» այգիները: Ըստ Աստվածաշնչի, երբ Արարատյան դաշտը դեռ չէր երևում, Նոյն աղավնուն նորից է ուղարկում որոնումների, և սա խաղողի մատը Նահապետին է հասցնում հենց այս ձորից, և դա է պատճառը, որ բնակատեղն հետո անվանում են Աղավնաձոր:
 Բրենդը մասնակցել է բազում ցուցահանդեսների և արժանացել ոսկե և արծաթե մեդալների: Արտահանվում է Ռուսաստան և Ֆրանսիա:
 Այժմ ընկերությունը իրականացնում է գինեգործության և խաղողագործության խորհրդատվություն, կազմկերպում է էքսկուրսիաներ գինու համտեսումով:
 Գինու իրական համը զգալու և այն վայելելու համար հարկ է իմանալ դրա պատմությունը, ում կողմից է այն մշակվել, որ արևն է գինու հումքին քաղցրություն տվել:    «Մարան» բրենդը ունի իր ուրույն պատմությունը, խաղողի մշակման և գինու հնեցման իր ավանդույթը, որը իր արտացոլումն ունի «Մարանի« արտադրանքի ամեն մի կաթիլում:

Հետաքրքիր է իմանալ:

 Աշխարհի ամենահին գինեգործարանը հայտնաբերվել է Հայաստանի քարանձավներից մեկում, հայտնում է Associated Press-ը: Միջազգային հետազոտողների կողմից քարանձավային համալիրում հայտնաբերվել է 6000 տարվա հնության խաղող ճզմելու տարա, թթվեցման կուժեր և անգամ գավաթներ ու փիալաներ:

 Բազմաթիվ կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ խաղողի գինին բուժիչ հատկություններ ունի, որոնք օգնում են պայքարելու ոչ միայն սովորական մրսածության, այլև խիստ վտանգավոր թոքախտ, մալարիա, սրտի իշեմիկ, քաղցկեղ հիվանդությունների և նույնիսկ ՁԻԱՀ-ի դեմ: Օրական 1-2 բաժակ չոր կարմիր գինու օգտագործումը՝ հակավիրուսային դեղորայքի համադրությամբ, կօգնի երկարաձգելու հիվանդի օրգանիզմում իմունադեֆիցիտի (ոչ ակտիվ) վիճակը 20 և ավել տարի: Հայտնի է, որ ստամոքսաաղիքային ախտածին շատ մանրէներ գինու մեջ սատկում են:

 Խաղողի վազը բազմամյա բույս է, ապրում է մոտ 60-70 տարի: Այսօր աշխարհում հայտնի են խաղողի մոտ 10 000 սորտեր, որոնցից 830-ը մեզ մոտ է և 1200-ից քիչ ավելի Արևմտյան Հայաստանում:

  Յուրաքանչյուր գինու տեսակի հետ խորհուրդ է տրվում համտեսել հատուկ ուտեստներ և պանրի հատուկ տեսակներ, օրինակ «Մարան» բրենդը խորհուրդ է տալիս իր տեսականին համտեսել հետևյալ կերպ:

 Սեղանի սպիտակ անապակը համտեսել ձկնեղեի և ծովամթերքի հետ, ինչպես նաև թռչնի մսի և սունկի հետ կամ Սուլուգունի, Մոցարելա, Չեչիլ, Չանախ կամ Լոռի պանիրների հետ:
 Սեղանի կարմիր անապակը համտեսել խաշած, տապակած, ապխտած մսեղենի հետ կամ շատ պինդ՝ Պարմեզան, Գրանա, Հոլանդական, Չեդեր պանրատեսակների հետ:



 Սեղանի կարմիր կիսաչորը համտեսել խորոված ձկնեղենի հետ, Նռան գինին խաշած կամ խորոված գառան կամ հորթի մսի հետ, ինչպես նաև խորհուրդ է տրվում վայելել սուրճ, աղանդ, մրգեր, չիր և անգամ պաղպաղակ:




Եթե հավանեցիք նյութը, կիսվեք Ձեր ընկերների հետ:


(Նյութը պատրաստելիս օգտվել եմ ընկերության վեբ կայքից՝ http://maran.am/ )

Комментариев нет:

Отправить комментарий