16.01.2016

Երբ ասում ենք Ճապոնիա, պետք է պատկերացնել...(մաս 2)

  Սկիզբը այստեղ՝
 Ճապոնիան աչքի է ընկնում փողոցների, մայթերի մաքրությամբ, ոչ մի աղբ, փոշի, կեղտ և սա բոլոր քաղաքներում, ամենուրեք: Քանի որ հասարակ ճապոնացիները և ուղղակի ճապոնաբնակ մարդիկ ոչ միայն անտեղի չեն նետում աղբը, այլև նետելուց անգամ նրանք լվանում են պլաստիկ տարաները, շշերը, կաթի, հյութերի թղթե տարաները, կիսաֆաբրիկատ մթերքների պլաստիկե տարաները: Այո՛, այո՛, այո՛: Նրանք դրանք նախօրոք լվանում են, հետո տարանջատում են ու հետո նոր առանձին նախատեսված տեղերում «դեն նետում»(եթե այդքանից հետո դա կարելի է համարել դեն նետել): Եթե Դուք այստեղ ցանկանաք ալյումինե տարաներով գարեջուր կամ այլ ըմպելիք վայելել, մի՛ մոռացեք, որ այն նետելուց առաջ առնվազն պետք է մի անգամ ջրով ողողեք ու թափեք, իսկ այնուհետև դեն նետեք հատուկ մետաղյա աղբի վերամշակման համար նախատեսված աղբարկղերի մեջ: 

 
Սա պայմանավորված է երկու բանով: Մի կողմից բոլոր ճապոնացիները սիրում են իրենց շրջապատը և մաքրությունը:  Ամեն դեպքում նշենք, որ ամեն տեղ էլ միշտ էլ կգտնվեն անպատասխանատու ըմբոստներ, որոնք կցանկանան ապրել այնպես , ինչպես իրենց հարմար է, չտալով իրենց նեղություն: Բայց, օրինակ, չեմ կարող չնշել, որ ինչ որ տեղ, երբ ճապոնացիները շինարարություն են նախաձեռնում, նրանք առաջին հերթին ամբողջ շինհրապարակը ծածկում են ժամանակավոր ասֆալտ-բետոնով, որպեսզի փոշին ու ավազը ամբողջ քաղաքով  չտարածվի: Շինարարության ավարտից  հետո, այն փոխարինվում է քաղաքի մյուս հատվածին համապատասխան ծածկով:
  Երկրորդ պատճառը Ճապոնիայի յուրահատուկ կլիման է, որտեղ փաստացի 5 կլիմայական  եղանակներ (սեզոն) կան՝ աշուն, ձմեռ, գարուն, ամառ և անձրևային եղանակ, որը տարբեր տարածաշրջաններում տարվա տարբեր ժամանակահատվածներում է լինում և տևում է մի ամսից մինչև երկու ամիս:
 Հարմարավետության տեսանկյունից նշեմ  նաև առևտրային ավտոմատ սարքավորումները, որոնք տեղակայված են օդնավակայանի մուտքի մոտ:


   Սկզբից Ձեզ կթվա, թե դրանք ուղղակի հասարակական վայրերին բնորոշ  տեղերում են առկա, բայց դրանցից կան անգամ սովորական բնակելի շենքերի մուտքային մասերում: Այստեղ կարող եք գտնել առաջին պահին անհրաժեշտ կամ էլ ինչ-որ այլ նախընտրած բանի փոխարինող խմիչք կամ թեթև սննունդ, և որ ամենակարևորն է՝ ժամկետի մեջJ
   Վերադառնալով օդնավակայանի որակյալ և հարմար սպասարկմանը, որի  մասին արդեն խոսել եմ, ավելացնեմ միայն, որ, երբ Դուք տեղավորում եք Ձեր իրերը ավտոբուսի մեջ հատուկ սպասարկող աշխատողը Ձեր ճամպրուկների վրա փակցնում է համարակալած թղթեր և դրանց համապատասխան գրառումներն էլ Ձեզ է հանձնում:        Հիշեցնեմ, որ հենց օդանավակայանի աշխատողներն էլ բարձում են ճամպրուկը:
  Չեմ ուզում խոսել իդեալական ավտոճանապարհների մասին: Երկրի իրական դիմագիծը միայն հուշահամալիրներով և մշակութային կոթողներով չէ որ պայմանավորված է: Ես Ձեզ վստահեցնում եմ, լինի դա քաղաքին կից մերձավանները կամ էլ բուն քաղաքը, ավտոբուսով երթևեկելիս երբևէ որևէ թափահարում կամ անհարմարություն չեք զգա: Իսկ բուն քաղաքային տարածքները Ձեզ կզարմացնեն մայրուղիների, գնացքների երթուղիների և հետիոտն կամուրջների քառահարկ ու երբեմն նաև հնգահարկ հանդիպող շինություններով (այն պայմանավորված է երկրի տարածքի փոքրությամբ և բնակչության բարձր խտությամբ): Նման բան միայն Ճապոնիայում կտեսնեք (հատկապես Տոկիոյում):
Օդային երկաթուղի
Մոտավորապես նման տեսարաններ են բացվում նման տրանսպորտից օգտվելիս
Ուշադիր դիտե՛ք, որպեսզի նկատեք օդից կախված գնացքը

Հուսով եմ նկատեցիք: 

  Ինձ թվում է, որ ճապոնացիները օժտված են յուրահատուկ երևակայությամբ, որով ունակ են հորիզոններ շրջել, սովորականի սահմաններից դուրս գալ և իրագործել իրենց երազանքները: Այլ կերպ չեմ կարող բացատրել այն հսկայածավալ տեխնիկայի ժամանակակից, նմանը չունեցող սարքավորումները, որոնք ստեղծված են տեղական շուկայի համար:
  Ավելորդ կհամարեմ խոսել ցանկացած վայրում (հատկապես օդանավակայանում) սպասարկող անձնակազմի լայն ժպիտի, բարեհամբույր վերաբերմունքի և, եթե անհրաժեշտ է, անգամ  հազար անգամ գլուխ խոնարհելու մասին: Դա նույնիսկ այն դեպքում, եթե ինչ որ հասարակական կարգ եք խախտել, օրինակ, նկարվել եք այնտեղ, որտեղ չի կարելի:
  Դա նաև նրանից է, որ յուրաքանչյուր ճապոնացի  աշխատում է իր աշխատանքը մաքսիմալ որակյալ կատարել, որի շնմորհիվ էլ բարձրանում է ընդհանուր համակարգի աշխատանքի արտադրողականությունը: Դուք հաստատ չեք նկատի որևէ դժգոհ ձայն, փնթփնթոց, երբ ինչ որ հարցով դիմում եք: Ինչպես նաև, արդեն վերը նշեցի, որ ցանկացած ճապոնացի շատ վատ է ընդունում այն փաստը, որ մեկ ուրիշի դրեց անհարմար վիճակի մեջ, նույնիսկ, եթե դիմացինը օտարերկրացի է:
   Սրանք այն «նրբություններն են», որոնք թույլ են տալիս կարծիք ձևավորել որևէ երկրի մասին, այն ավելի հրապուրիչ կամ էլ հակառակը՝ անհրապույր դարձնել ամբողջ աշխարհին:

Առջևում դեռ ավելի հետաքրքիր է լինելու:
Եթե հավանեցիք, կիսվեք Ձեր ընկերների հետ:

Շարունակությունը այստեղ.

Комментариев нет:

Отправить комментарий