Բիզնեսում և կյանքում հաջողություն ունենալու լավագույն գրավականը սեփական անձի ճիշտ
դրսևորումն ու ճիշտ մտածելակերպն է տարբեր
իրավիճակներում: Հավանաբար, Դուք Ձեր կյանքում գոնե մեկ անգամ կարդացել եք Դեյլ Կարնեգի,
Նապոլեոն Հիլ կամ էլ համաշխարհային ճանաչում ձեռք բերած միլիարդատերերի կենսագրական
նյութերը, խրատները, ուղեցույցները: Սակայն, այնուամենայնիվ, Ձեր մոտ մի բան այնպես
չի ստացվում:
Դուք քաջ գիտակցում եք, որ հաջողությունը Ձեր ձեռքերում է, սակայն այն
դեռևս չեք կարողանում շոշափել և պատճառներ եք փնտրում Ձեր մեջ: Երբ ես ասում եմ հաջողություն,
խոսքը վերաբերում է ոչ միայն գործնական հաջողություններին այլև անձնական կյանքում տարբեր
նպատակների իրականացմանը: Եվ որքան էլ Դուք ուսումնասիրեք հայտնի մարդկանց հաջողությունները
և փորձեք Ձեզ ուղղորդել որևէ քայլերի կամ որոշակի կարգախոսներով առաջնորդվել, հիշե՛ք
մի բան: Այս կյանքում Ձեզանից լավ ուրիշ ոչ ոք Ձեզ չի կարող ներկայացնել հասարակությանը,
շրջապատին: Եթե Դուք իրոք ցանկանում եք Ձեր հաջողությունը զգալ, բաժանեք Ձեզ երկու
մասի: Ձեր մի մասը լինելու է կատարողը, իսկ մյուսը կարգադրողը:
Ձեզ համար հաջողությունը
կամ նպատակը կարող է լինել տարբեր՝ կախված Ձեր կյանքի հանգամանքներից: Միգուցե Դուք
ուզում եք վերականգնել նախկին բարի համբավը, հեղինակությունը, գործնական շրջապատում
որևէ իմիջ ձևավորել կամ դիրք գրավել, նվաճել մարդկանց համակրանքը, սերը, վստահությունը,
դառնալ ավելի գրավիչ, գայթակղիչ և այլն: Կարևոր չէ, թե սրանցից, որին եք Դուք ձգտում,
կարևորը թե Դուք ինչպես պետք է Ձեր երկրորդ ենթակա կեսին կառավարեք Ձեր առաջին կարգադրող
«ես»-ով:
Այսպիսով, այսուհետ Դուք իրականացնում եք Ձեր սեփական անձի մարքեթինգ:
Ձևակերպե՛ք Ձեր հեռանկարները կամ որ նույն է, ինչպես վերը նշեցի,
ձևակերպե՛ք Ձեր հաջողությունը:
Հիշե՛ք յուրաքանչյուր թերություն ունի իր առավելությունը՝ կախված
թե ինչպես եք այն մատուցում: Օրինակ, մեկի համար շատախոսությունն է թերություն, մյուսի
համար էլ քչախոսությունը: Սակայն, եթե Դուք առաջին դեպքն եք ու եթե Դուք Ձեզ մատուցեք
որպես անմիջական, անկեղծ, շփվող, մշտապես արտահայտվող, չթաքցնող, պարզ ճակատով, չփնթփնթացող՝
այլ նկատող, ապա Ձեր այդ «թերությունը» ուրիշ կերպ կընկալվի: Այսինքն, կարևորը ճիշտ, դրական
հոմանիշի ընտրությունն է:
Իսկ եթե Դուք քչախոս եք, Դուք Ձեզ կարող եք մատուցել, որպես զուսպ,
դիմացինին լսել սիրող, հասկացող, ըմբռնող, դիմացինի վիճակի մեջ մտնող և ոչ թե բարդույթավորված,
չշփվող, անքաղաքավարի մարդու տպավորություն թողնելով: Կրկին նշեմ, որ սրանով Դուք Ձեր
էությունը չեք փոխում, Դուք ընդամենը Ձեզ փորձում եք ավելի ճիշտ ներկայացնել:
Սակայն ամեն դեպքում, որպես խորհուրդ հետևեք՝ ավելի քիչը ավելի
շատ է: Այո՛, երբեմն պետք է լռել, այն Ձեզ ավելի շատ բան կտա, քան թե ասված սխալ խոսքը:
Նույնը կարելի է ասել հետևյալ թերությունների մասին, դրանք լավ
կողմից դիտարկելու առումով:
Եթե Դուք ճշտապահ չեք և միշտ ուշանում եք, Դուք կարող եք ասել,
որ Ձեզ դուր չի գալիս դիմացինին սպասեցնել, բայց այդ մի քանի րոպեն Ձեզ միշտ ստիպում
է ավելի ու ավելի գնահատել ժամանակը ու անհամբեր սպասել ամեն հանդիպմանը:
Եթե Դուք վախկոտ եք,
ոչ ռիսկային, Դուք կարող եք ասել, որ Դուք զգուշավոր եք, միշտ ապահովագրվող, փորձանքից
միշտ խուսափող:
Իսկ եթե Դուք ստող եք, ապա ոչ մի ձևով պետք չէ հոմանիշ փնտրել:
Հիշե՛ք որ ժամանակին ներողություն խնդրելը Ձեր հեղինակությունը միշտ կբարձրացնի:
Ձեր առավելությունը դարձրեք տեսանելի:
Անառիթ դեպքում պետք է չէ ինքնագովազդով զբաղվել, բայց, երբ
առկա են նպաստավոր պայմաններ, Դուք կարող եք Ձեր, օրինակ բարությունը, ազնվությունը,
մեծահոգությունը, անկեղծությունը, առատաձեռնությունը, լրջությունը, կարգապահությունը
և այլ դրական կողմերը, ցուցադրել նշելով՝ «այ այս պարագայում ես այսպես կվարվեի» արտահայտությունը:
Եղեք լուծում կամ լուծման տարբերակ, ոչ թե խնդրի մի մաս:
Ցույց տվեք մարդկանց, որ նրանք ունեն այլ հնարավորություններ,
բայց Դուք եզակի եք (որևէ արարք կամ քայլ իրականացնելիս):
Որոշ բաների վերաբերվեք հումորով, ինչպես ներքուստ (դա Ձեզ կօգնի
դուրս գալ դժվար իրավիճակներից), այնպես էլ արտաքուստ:
Եղեք ամեն իրավիճակի դեպի դրական կողմնորոշողը:
Հաղորդեք ամեն ինչին ներդաշնակություն (Ձեր խոսքը, ձայնը, ձայնի
տոնայնությունը, տեղանքի մթնոլորտը, շարժուձևը, մինչև անգամ հագուստն ու այլ պարագաները
պետք է լինեն ներդաշնակ):
Թողեք, որ երբեմն մարդիկ գործի դնեն իրենց երևակայությունը,
և ամեն ինչ մի բացահայտեք նրանց համար:
Որսացեք ակնթարթը: Բաց մի թողեք պահը ճիշտ արտահայտվելու ճիշտ
ժեստ անելու:
Վերլուծեք ինքներդ Ձեզ մինչ այդ ամենը և այդ ամենը իրականացնելուց
հետո:
Եղեք լավատես, անգամ եթե Ձեզ ինչ որ բան այն չէ թվում, թույլ
տվեք, որ դիմացինը չկասկածի Ձեր լավատեսությանը:
Վերլուծեք Ձեր մտքեր:
Երբեմն ասեք ոչ թե այն,
որ ուզում եք ասել, այլ այն թե ինչ կցանկանար լսել Ձեր դիմացինը:
Սա, կոպիտ ասած, նման է ապրանք առաջարկելու և վաճառելու մի գործընթացի:
Դուք վաճառում եք ոչ թե ապրանքը, այլ այն օգտակարությունը, որը ուզում է տեսնել սպառողը:
Եվ որքան էլ Դուք ուզենաք պատմել կամ կարծիք ձևավորել Ձեր ապրանքի մասին, Ձեր վերջնական
նպատակը այն վաճառելն է: Ուրեմն Դուք Ձեզ պետք է «գնորդի» աչքում գրավիչ դարձնեք:
Եթե Դուք ցանկանում եք նվաճել Ձեր հաջողությունը, ուրեմն նվաճեք
այն, այլ ոչ թե ուղղակի ցանկացեք:
Ձեզ հաջողություն...
Комментариев нет:
Отправить комментарий