29.01.2016

Մի բրենդի պատմություն: Shiseido


  Shiseido-ն կոսմետիկայի ճապոնական բրենդ է, որը ստեղծվել է 1872 թվականին ՝ Կայսերական ռազմածովային ուժերի դեղագետ Արինոբու Ֆուկուհարայի կողմից:


  Այն ի սկզբանե եղել է, որպես փոքր դեղատնային ցանց: Այդ ժամանակ ճապոնացի կանայք մաշկի հարթեցման և անհրաժեշտ երանգի հաղորդման համար օգտագործում էին սպիտակ կապար, որը հանգեցնում էր թունավորումների:
Դա ի նկատի ունենալով՝ Արինոբու Ֆուկուհարան ստեղծեց տոնային կրեմ՝ իրավիճակը փոխելու համար, ինչպես նաև հեղուկ տոներ և փափկեցնող լոսյոն Eudermine անվանումով:

 Իր հիմնադրման օրվանից ընկերության արտադրանքը եղել է բավականին թանկ և դրանում շատ կարևոր միտք կար՝ գինը պետք է արտահայտեր որակը և որոշեր ֆիրմայի կերպարը: Shiseido ֆիրմայի առաջնորդվում էր  հետևյալ սկզբունքով՝ ապրանքը, որը վաճառվում է առանց խորհրդի և օգտագործվում է առանց դրանից հաճույք ստանալով ու առանց սպառողի բավարավածության, ապրանք համարվել չի կարող: 


  Ճապոնացիները վստահ են, որ ցանկացած ընկերություն, ինչպես որ մարդը, ունի որոշակի բնավորություն (ամեն դեպքում պետք է ունենա որոշակի բնավորություն): Shiseido-ի բնավորությունը որոշվում էր մի քանի սկզբունքներով՝ որակ, խաղաղ գոյակցություն, բարգավաճում, հարգանք բոլոր գնորդների նկատմամբ, անկեղծություն և կայունություն:

  Մշտապես զարգանալով և կատարելագործվելով՝ 1923 թվականից Shiseido ապրանքանիշը  սկսեց բացել խանութներ Ճապոնիայում, իսկ 1957 նաև Հոնկոնգում, Սինգապուրում և Թայվանում, 1965 թվականին՝ Ամերիկայում, 1968 թվականին՝ Իտալիայում:  Ներկայիս դրությամբ ամբողջ աշխարհում  հաշվվում է ավելի քան 25 000 խանութներ: 1927 թվականին ընկերությունը դառնալով բաժնետիրական ընկերություն, մինչ այսօր իր տեղը չի զիջում գեղեցկության շուկայում և առաջարկում է իր բրենդը Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի ինչպես դեղատներում, այնպես էլ խոշոր խանութներում, ինչպես նաև ասիական մանրածախ առևտրային կազմակերպություններում:




  Հենց սկզբից Fukuhara-Shiseido դեղատունը առանձնանում էր իր անսովոր դիզայնով, օրինակ այնտեղ կային գազավորված ըմպելիքի փոքրիկ շատրվաններ, այնտեղ մատուցում էին թեյ, իսկ հետագայում սկսեցին բաժանել նոթատետրեր, որտեղ օգտակար բաղադրատոմսեր կային: Ի դեպ, այժմ էլ բոլոր ճապոնական դեղատներում կան նման սարքավորումներ, որտեղից կարելի է անվճար զովացուցիչ ըմպելիք, ջուր  խմել: Նման առևտրային մեթոդները այն ժամանակ դեռ նոր էին ոչ միայն ճապոնացիների համար, այլև Եվրոպայի ժողովրդի համար:

Ապրանքատեսականին:

 1888 թվականին Fukuhara-Shiseido սկսեց վաճառել առաջին ատամի մածուկը Ճապոնիայում, իսկ 1897 թվականին սկսեց վաճառել իր առաջին լեգենդար արտադրանքը՝ Eudermine լոսյոնը: Առաջին տարաներն ու ապրանքի փաթեթներն էլ պայմանավորեցին բրենդի ապագա լոգոտիպը՝ ոչ մեծ կամելիան: 1915 թվականին լոգոտիպը տպվեց արդեն օծանելիքի շշի վրա: Eudermine-ը մինչև այժմ էլ թողարկվում է և մինչ այժմ էլ համարվում է ֆիրմայի ամենաշատ վաճառվող ապրանքատեսակը: Բացի այդ հեղուկը առաջին ճապոնական կոսմետիկական միջոցն է, որի հիմքում գիտությունն է:


   1906 թվականին հենց Shiseido-ն է առաջարկել ճապոնացի կանանց օգտագործել մարմնագույն դիամփոշին սպիտակի փոխարեն:
1937 թվականին հիմնադրվեց Shiseido-ի Camellia Club-ը՝ նախատեսված ամենահավատարիմ գնորդների համար: Այդ ժամանակ այդ խմբի անդամ էր հանդիսանում յուրաքանչյուր 6-րդ ճապոնուհին: 1953 թվականին Shiseido-ն Տոկիոյում բացում է կոսմետոլոգիայի ինստիտուտ:


 1987 թվականին Shiseido-ի գիտնականները մշակեցին գիալուրային թթուն, որի միջոցով շատ արագ հնարավոր է բարձրացնել մաշկի խոնավությունը:

  Վերջին 25 տարիներին Shiseido ընկերությունը շատ է զարգացել ու ընդլայնվել: Ֆիրման գնեց կոսմետիկայի այլ ֆիրմաների, օրինակ «Իսի Միյակին»: Բացի այդ ընկերությունը մշակեց հատուկ տեխնոլոգիա, որի միջոցով կարելի է նախապես ձևավորել յուրաքանչյուր անհատի սանրվածքն ու շպարը: Այժմ գոյություն ունի նաև համապատասխան app-ը, որը կարող եք ներբեռնել հեռախոսի մեջ և ինքնուրույն փորձարկումներ անել: 


   Ստեղծվեցին մի շարք գործարաններ՝ աշխարհի տարբեր անկյուններում: Իհարկե, բրենդը շարունակեց անընդհատ նորացնել ապրանքատեսականին, որոնք կնոջը դարձնում էին առավել հմայիչ: Այս քաղաքականությունն էլ բրենդին դարձրեց աշխարհում կոսմետիկայի ամենահզոր բրենդներից մեկը:

  2007 թվականին Shiseido The Makeup–ի գեղարվեստական տնօրեն է նշանակվում եվրոպացի Դիք Փեյջը, որը բրենդը համարեց իսկական էներգիայի աղբյուր: Իր գլխավոր ուղղվածություն այն էր, որը Shiseido The Makeup-ի ապրանքատեսականին պետք է իր մեջ համադրի հրաշալի գույներ և շքեղ կառուցվածքներ, այն արտացոլի գիտությունը և արվեստը միաժամանակ:

Հետաքրքիր է իմանալ

   Perfecting Lipstick-ը առաջին շրթներկն էր , որը ուներ, այսպես կոչված ձգող էֆեկտ, որը շուրթերին միաժամանակ հաղորդում է փափկություն, խոնավություն և հաղորդում է ծավալ:
Թողարկելով նոր հավաքածուներ Shiseido-ն թելադրում է նորաձևություն շպարի ոլորտում: Դեկորատիվ կոսմետիկայի բոլոր մշակումների հիմքում ընկած է Advanced Luminous Technology-ն, որը ընդունակ է մարդու մաշկին հաղորդել լույս: Բրենդը համարվում է բնական գեղեցկության հոմանիշ, որն էլ ընկերությունը մշտապես ձգտում է ընդգծել  և ոչ թե ամեն անգամ նորից ստեղծել:

Դիտեք բրենդի համարձակ գովազդային հոլովակներից մեկը:


Եթե հավանեցիք նյութը,  կիսվեք Ձեր ընկերների հետ:

Комментариев нет:

Отправить комментарий