Բիզնեսում և կյանքում հաջողություն ունենալու լավագույն գրավականը սեփական անձի ճիշտ
դրսևորումն ու ճիշտ մտածելակերպն է տարբեր
իրավիճակներում: Հավանաբար, Դուք Ձեր կյանքում գոնե մեկ անգամ կարդացել եք Դեյլ Կարնեգի,
Նապոլեոն Հիլ կամ էլ համաշխարհային ճանաչում ձեռք բերած միլիարդատերերի կենսագրական
նյութերը, խրատները, ուղեցույցները: Սակայն, այնուամենայնիվ, Ձեր մոտ մի բան այնպես
չի ստացվում:
Դուք քաջ գիտակցում եք, որ հաջողությունը Ձեր ձեռքերում է, սակայն այն
դեռևս չեք կարողանում շոշափել և պատճառներ եք փնտրում Ձեր մեջ: Երբ ես ասում եմ հաջողություն,
խոսքը վերաբերում է ոչ միայն գործնական հաջողություններին այլև անձնական կյանքում տարբեր
նպատակների իրականացմանը: Եվ որքան էլ Դուք ուսումնասիրեք հայտնի մարդկանց հաջողությունները
և փորձեք Ձեզ ուղղորդել որևէ քայլերի կամ որոշակի կարգախոսներով առաջնորդվել, հիշե՛ք
մի բան: Այս կյանքում Ձեզանից լավ ուրիշ ոչ ոք Ձեզ չի կարող ներկայացնել հասարակությանը,
շրջապատին: Եթե Դուք իրոք ցանկանում եք Ձեր հաջողությունը զգալ, բաժանեք Ձեզ երկու
մասի: Ձեր մի մասը լինելու է կատարողը, իսկ մյուսը կարգադրողը:
Ձեզ համար հաջողությունը
կամ նպատակը կարող է լինել տարբեր՝ կախված Ձեր կյանքի հանգամանքներից: Միգուցե Դուք
ուզում եք վերականգնել նախկին բարի համբավը, հեղինակությունը, գործնական շրջապատում
որևէ իմիջ ձևավորել կամ դիրք գրավել, նվաճել մարդկանց համակրանքը, սերը, վստահությունը,
դառնալ ավելի գրավիչ, գայթակղիչ և այլն: Կարևոր չէ, թե սրանցից, որին եք Դուք ձգտում,
կարևորը թե Դուք ինչպես պետք է Ձեր երկրորդ ենթակա կեսին կառավարեք Ձեր առաջին կարգադրող
«ես»-ով:
Այսպիսով, այսուհետ Դուք իրականացնում եք Ձեր սեփական անձի մարքեթինգ:
Ձևակերպե՛ք Ձեր հեռանկարները կամ որ նույն է, ինչպես վերը նշեցի,
ձևակերպե՛ք Ձեր հաջողությունը:
Հիշե՛ք յուրաքանչյուր թերություն ունի իր առավելությունը՝ կախված
թե ինչպես եք այն մատուցում: Օրինակ, մեկի համար շատախոսությունն է թերություն, մյուսի
համար էլ քչախոսությունը: Սակայն, եթե Դուք առաջին դեպքն եք ու եթե Դուք Ձեզ մատուցեք
որպես անմիջական, անկեղծ, շփվող, մշտապես արտահայտվող, չթաքցնող, պարզ ճակատով, չփնթփնթացող՝
այլ նկատող, ապա Ձեր այդ «թերությունը» ուրիշ կերպ կընկալվի: Այսինքն, կարևորը ճիշտ, դրական
հոմանիշի ընտրությունն է:
Իսկ եթե Դուք քչախոս եք, Դուք Ձեզ կարող եք մատուցել, որպես զուսպ,
դիմացինին լսել սիրող, հասկացող, ըմբռնող, դիմացինի վիճակի մեջ մտնող և ոչ թե բարդույթավորված,
չշփվող, անքաղաքավարի մարդու տպավորություն թողնելով: Կրկին նշեմ, որ սրանով Դուք Ձեր
էությունը չեք փոխում, Դուք ընդամենը Ձեզ փորձում եք ավելի ճիշտ ներկայացնել:
Սակայն ամեն դեպքում, որպես խորհուրդ հետևեք՝ ավելի քիչը ավելի
շատ է: Այո՛, երբեմն պետք է լռել, այն Ձեզ ավելի շատ բան կտա, քան թե ասված սխալ խոսքը:
Նույնը կարելի է ասել հետևյալ թերությունների մասին, դրանք լավ
կողմից դիտարկելու առումով: